Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկուշաբթիից երկուշաբթի

Երկուշաբթիից երկուշաբթի
26.10.2018 | 00:26

Մտքի մարզանքի համար` փիլիսոփայության փոխարեն մի քիչ թվաբանություն: Քաղաքական: Երևանի ավագանու ընտրություններից հետո ՏԻՄ ընտրություններ էին: Փորձենք հասկանալ ընտրությունների արդյունքները` ըստ ԿԸՀ կայքի թվերի: Արմավիրում ընտրողների թիվը 28699 էր, ընտրությունների գնացել է 9937-ը, այսինքն` 34,7 տոկոսը: 9937-ից 6693-ը ընտրել է ՔՊ թեկնածուին` Դավիթ Խուդաթյանին, այսինքն, մասնակիցների 67 տոկոսը, բայց ընտրողների 23 տոկոսը:


Էջմիածնում ընտրողների թիվը 45278 էր, ընտրությունների գնացել է 15827-ը, այսինքն, 35 տոկոսը: 35 տոկոսից ՔՊ թեկնածուին` Դիանա Գասպարյանին, ձայն է տվել 8076-ը` 51 տոկոսը, բայց ընտրողների 17,8 տոկոսը:
Հրազդանում ընտրողների թիվը 44154 էր, ընտրությանը գնացել է 16262-ը, այսինքն, 36,8 տոկոսը: ՔՊ անդամ Սևակ Միքայելյանին ձայն է տվել 65,5 տոկոսը, բայց ընտրողների 24,1 տոկոսը: ՔՊ անդամին, որ չուներ ՔՊ պաշտպանությունը, ձայն է տվել 24,1 տոկոսը:
Կապանում ընտրողների թիվը 34369 էր, ընտրությունների գնացել է19503-ը, այսինքն, 55,8 տոկոսը: Փաստացի ամենամեծ մրցակցությունը և ամենամեծ մասնակցությունը` 55,8 տոկոս, եղել է Կապանում, որ վկայում է` թեկնածուները գործի են դրել հնարավոր ռեսուրսները: ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը ստացել է 8499 ձայն, այսինքն, 43,5 տոկոսը, բայց ընտրողների 24,3 տոկոսը, Գևորգ Փարսյանին ձայն է տվել 10021-ը, բայց ընտրողների 30 տոկոսը: ՔՊ-ն Կապանում պարտվել է: 46 տոկոսը Կապանում չի քվեարկել:
Հիմա ընդհանուր հայտարարի բերեք ՔՊ թեկնածուներին ընտրածների թիվը Հայաստանի չորս քաղաքներում. Արմավիր՝ 23 տոկոս, Էջմիածին` 17,8 տոկոս, Հրազդան` 24,1 տոկոս, Կապան` 24,3 տոկոս:


15 բնակավայրերում ՔՊ-ն մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Ընտրողների ընդհանուր թիվը` 171042, մասնակցել է ընտրողների 72419-ը, այսինքն, 42,3 տոկոսը: ՔՊ-ին ձայն է տվել 39518-ը, այսինքն, 53,8 տոկոսը, բայց ընտրողների 22,5 տոկոսը: Ընդունենք, որ, հակառակ ոստիկանության տքնաջան աշխատանքի, ընտրողների ցուցակները, այնուամենայնիվ, համարժեք չեն ընտրողների իրական թվին. շարունակում է խնդիր մնալ Հայաստանում չբնակվող, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարվածներին ընտրացուցակներից հանելը: Նրանք տեսականորեն ընտրությունների օրը կարող են գալ ու քվեարկել, գործնականում քչերն են ի վիճակի ընտրություններին մասնակցել: Ընդունենք նաև, որ մեծ թիվ են կազմում սեզոնային արտագնա աշխատանքի մեկնածները, բայց հիմա արդեն պիտի վերադարձած լինեին: Բայց ընդունենք նաև, որ եթե նույնիսկ ըստ ընտրացուցակների` ընտրություններին մասնակիցների ու իշխանության ներկայացուցիչներին ձայն տվածների թիվը ավելացնենք 20 տոկոսով` կանխավարկածով, որ ներկա լինեին` իշխանությանն էին ձայն տալու, ընտրողների թվի 50 տոկոսին չենք հասնում:


Պատկերն ամբողջացնելու համար մարզերից վերադառնանք 2800-ամյա Երևան: Մայրաքաղաքի 850000 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 44 տոկոսը: Նրանցից «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին ձայն է տվել 82 տոկոսը, բայց դա ընտրողների ընդհանուր թվի 31,7 տոկոսն է: Առաջանում են օբյեկտիվ հարցեր.
1. Միանշանակ` Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն է, բայց ո՞ր ժողովրդի, որ հակառակ ընտրարշավներին նրա բուռն ու նվիրված մասնակցության` ընտրությունների չի գնում մայրաքաղաքում ու մարզերում, իսկ եթե գնում է, 20-25 տոկոսի միջակայքու՞մ է ձայն տալիս:
2. Եթե ապրիլի հեղափոխությունը համահամահամաժողովրդական էր, ինչու՞ սեպտեմբեր-հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանին ձայն է տալիս 20-25 տոկոսը:
3. Աժ արտահերթ ընտրությունները 2019-ի մայիս-հունիսից 2018-ի դեկտեմբեր տեղափոխելը կապ ունի՞ Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:

Համենայն դեպս, հիշեցնեմ, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Նյու Յորքից, հիմք ընդունելով ՔՊ-ի թեկնածուի հավաքած 82 տոկոսը, իսկ գուցե ոչ թե այդ 82 տոկոսն էր դրդապատճառը, այլ ընտրողների ընդհանուր թվի` ընտրություններին չմասնակցածների 56 տոկոսն ու ՔՊ-ին տրված 31,7 տոկո՞սը:
Հիմա հարցերի հարցն է` իսկ հետո՞: Դատելով պաշտոնական թվերից` Հայաստանում չկա ու նույնիսկ չի էլ եղել էյֆորիա, որին մեկ անարգանքի սյունին են գամում տևականության համար, մեկ փառաբանում են` իբրև առաջընթացի կենսական էներգիա: 20-25 տոկոսի էյֆորիան չի կարող ազդեցություն ունենալ 80-75 տոկոսի վրա` հիմք ընդունելով ապաքաղաքական թվաբանությունը:
Հիմա` քաղաքական թվաբանության մասին: Շաբաթը պայմանականորեն կարելի է անվանել երկուշաբթիից երկուշաբթի: Հոկտեմբերի 22-ի երկուշաբթի օրը ԱԺ-ն չընդունեց ընտրական օրենսգրքի նախագիծը, որ հոկտեմբերի 23-ին ստորագրահավաք անցկացնի ու հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստով նորից քննարկի: Ինչու՞ ՀՀԿ-ն տապալեց Ընտրական նոր օրենսգիրքը: Եվ չի՞ տապալի նորից: Իրականում ՀՀԿ-ն չունի մեծամասնություն ԱԺ-ում և խորհրդարանը կարող է նաև սահմանադրական օրենքներն ընդունել առանց ՀՀԿ-ի: Տեսականորեն: Գործնականում ստացվեց, որ մեծամասնություն-փոքրամասնությունը մեծ անորոշություն է, որ լողում է ինքն իր մեջ ու չի ուրվագծվում որպես քաղաքական փաստ:

Հայտարարությունների մակարդակում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնածները պարբերաբար անհետանում են ու նրան մենակ թողնում «Ելքի» հետ, որի 9 անդամներից նա 4-ին էր վստահում` իրեն էլ հաշված: Փաստացի` հոկտեմբերի 22-ին ՀՀԿ-ն պատրաստ էր Ընտրական օրենսգրքի նախագծին ձայն տալ, եթե տեսներ, որ, միևնույն է, անցնում է` իրեն մնալու է հերթական անգամ ընտրողների աչքում սև ուժ դառնալը: ՈՒ դա են վկայում թե Արմեն Աշոտյանի, թե Խոսրով Հարությունյանի ելույթները, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը, որ բառացի կրկնում էր ՀՀԿ հայտարարությունը և իսկապես ազատ քվեարկության տեղ էր թողնում, թե Ռուզաննա Մուրադյանի կողմ քվեարկելը: Նրանք Ընտրական օրենսգրքի դեմ ոչ մի փաստարկ չբերեցին, շեշտը դրեցին ընթացակարգային հարցերի, Վենետիկի հանձնաժողովի, ԺՀՄԻԳ-ի վրա: ՀՀԿ-ն, բացի քաղաքական նեղացածությունից, այլ փաստարկ չունի, ու նորից ինքն իրեն դրեց անիմաստ հարվածի տակ` ինչպես մայիսի 1-ին: Ավելին` նոր ԸՕ-ն ձեռնտու է ՀՀԿ-ին` իր ներկա վիճակում: Սկսած ռեյտինգայինը հանելուց (ռեյտինգայիններն առաջինը թռան ՀՀԿ-ից, և ընտրակաշառքի բացառման պարագայում այս ընտրակարգը նախկին արդյունավետությամբ չի գործի), Աժ-ում ներկայացված կուսակցությունների թիվը նվազագույնը 4 դարձնելուց (որ հնարավորություն է տալիս 2 տոկոսից ավելի ձայներով ԱԺ մտնել) մինչև ընտրագրավի գումարի իջեցում (օլիգարխներ Հայաստանում, պարզվեց, չկան, եթե չկան, կուսակցությունների ֆինանսավորումը խնդիր է դառնում) ու ընտրական շեմի իջեցում: Այնպես որ,` հոկտեմբերի 22-ին ԸՕ-ի նախագծի տապալման պատիվը որքան ՀՀԿ-ինն է, նույնքան ՀՅԴ-ինը ու ԲՀԿ-ինը: Չի բացառվում, որ հոկտեմբերի 29-ին կամք ու խելք ունեցող ՀՀԿ-ականները կողմ քվեարկեն ԸՕ-ի նախագծին: Եթե, իհարկե, հաղթահարեն ռեալ քաղաքականություն վարելու տաբուն, որ կուսակցության վրա դնում է կուսակցապետը` արգելակելով ոչ իր ստեղծած կուսակցության` իրականությանը համարժեք քայլեր ձեռնարկելու ու ճգնաժամից հնարավորինս արժանապատիվ դուրս գալու ձգտումը: Ափսոս:


Կուսակցապետի խնդիր ունի նաև ԲՀԿ-ն: Պատահական չեն մամուլում շրջանառվող լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է և չգլխավորել ԲՀԿ ընտրացուցակը: Յոթերորդ գումարման ԱԺ-ի ինչի՞ն է պետք համայն հայության բարեգործ Գագիկ Ծառուկյանը, որ ոչ միայն խորհրդարան չի գալիս, այլև տնից մարզահագուստով է դուրս գալիս: Բիզնեսը` բիզնեսին, քաղաքականությունը` քաղաքական գործիչներին: Հիանալի բանաձև է, բայց ԲՀԿ-ն ջանում է պահպանել երկրորդ ուժի դիրքերը ու դառնալ առաջինը, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Բացի այդ,` Գագիկ Ծառուկյանն ունի բիզնեսի ապահովագրման խնդիր, որ փորձում է կուսակցության հաշվին լուծել` հույսով, որ նոր իրավիճակում էլ կա իշխող կուսակցության ապահովության բարձիկ դառնալու պահանջարկ: Իսկ ընտրողները հաստատ չեն մոռացել, թե անցյալում ու ապագայում ինչ բարեգործ է ինքը: Երկու թեզն էլ խիստ կասկածելի են:
Հոկտեմբերի 24-ին Աժ-ն անցկացրեց վարչապետի չընտրության նիստ` պահպանելով ընթացակարգը` առաջադրում, ելույթ, հարցուպատասխան, քննարկում ու քվեարկություն: ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին իր խնդրանքով վարչապետ չընտրեց` 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, «Ելքը» մնաց ձեռնպահ: Քաղաքական քծնանքին սահմանակցող մտահոգ ելույթներով ասպարեզում էր ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն, որ նաև հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստի ստորագրահավաքին չի մասնակցել` իր 3 առաջարկները չընդունելու պատճառով, լուռ էր: ՀՀԿ-ից միայն Խոսրով Հարությունյանը ելույթ ունեցավ:


Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո արվեց սահմանադրական առաջին քայլը, մնաց երկրորդը` մեկ շաբաթ հետո խորհրդարանը նորից պետք է վարչապետ առաջադրի ու չընտրի: Հետո սկսվում է այն փուլը, որի օբյեկտը Հայաստանի հպարտ քաղաքացիներն են: ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բազմիցս նաև նրանց դիմեց` թե ելույթում, թե հարցերին պատասխանելիս: Ելույթի քվինտէսենցիան էր. «Միանշանակ է և աներկբա՝ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»: Նրա համար նաև միանշանակ է և աներկբա է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն. «Հատկապես հեղափոխություն, որովհետև տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչև 2018-ի ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական տնտեսական-քաղաքական էլիտան, որին պատկանում էր ողջ իշխանությունը: Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը և կարողացավ այդ նույն քաղաքական ու տնտեսական էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ և հաստատեն ժողովրդի իշխանությունը»: ՈՒ սա իսկապես արդիական է դարձնում հարցը` ո՞ր ժողովրդի: 20-25 տոկոսի միջակայքում նրան ձայն տվո՞ղ, թե՞ 80-75 տոկոսի միջակայքում ընտրություններին չմասնակցող ու ՔՊ-ին ձայն չտվող: Ի՞նչ հեռանկար է բացվում այլ քաղաքական ուժերի համար` ցույց կտան ընտրությունները: Նույնիսկ կարճ ժամանակում հնարավոր է ընտրողին ներկայանալ ծրագրով ու այդ ծրագրի իրականացման մեխանիզմներով: Այս ընտրության գլխավոր ինտրիգը ընտրողն է լինելու ու սա ընտրողի քննությունն է` ի՞նչ է ուզում՝ ռեալ փոփոխությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամի խոսքից դուրս չգալու «լավամարդություն»: Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ու Հայաստանում ֆորմացիա փոխող հեղափոխություն է եղել, ու այդ հեղափոխությունը ժողովուրդն է արել, նույն այդ ժողովուրդը չպետք է ընտրի իր մերժած ֆորմացիայի մասերին` ՀՀԿ-ին էլ, ԲՀԿ-ին էլ, ՀՅԴ-ին էլ` դա դեմ է հեղափոխության տրամաբանությանը ու նպատակին: Կամ էլ` հեղափոխությունը հեղափոխականներն են արել, ժողովուրդը բողոքում է ու… չի գնում ընտրությունների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ֆանտաստիկ ասույթ ունի ռուսական բեմի աստղ Ֆաինա Ռանևսկայան. «Բաց թողեք ծաղրածուներին ու ապուշներին ձեր կյանքից: Կրկեսը պետք է հյուրախաղերի գնա»:

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ